Ջուզեպպե Չեզարե Աբբա
Ջուզեպպե Չեզարե Աբբա իտալ.՝ Giuseppe Cesare Abba | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 6, 1838[1][2][3] |
Ծննդավայր | Կայրո Մոնտենոթե, Սավոնա, Լիգուրիա, Իտալիա |
Մահացել է | նոյեմբերի 6, 1910[1][2][3] (72 տարեկան) |
Մահվան վայր | Բրեշիա, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն |
Քաղաքացիություն | Իտալիայի թագավորություն |
Մասնագիտություն | գրող, քաղաքական գործիչ և մանկավարժ |
Զբաղեցրած պաշտոններ | Իտալիայի քաղաքապետ |
Պարգևներ և մրցանակներ | |
Giuseppe Cesare Abba Վիքիպահեստում |
Ջուզեպպե Չեզարե Աբբա (իտալ.՝ Giuseppe Cesare Abba, հոկտեմբերի 6, 1838[1][2][3], Կայրո Մոնտենոթե, Սավոնա, Լիգուրիա, Իտալիա - նոյեմբերի 6, 1910[1][2][3], Բրեշիա, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն), իտալացի գրող։
Ջուզեպպե Գարիբալդիի զինակիցը և «Հազարների արշավախմբի» մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1838 թվականի հոկտեմբերի 6-ին, Կայրո Մոնտենոթեյում, Լիգուրիայում, որն այդ ժամանակ Սարդինիայի թագավորության մասն էր։ 1850 թվականին նա ընդունվել է Կարկարե գիշերօթիկ հաստատություն, որտեղ դասավանդում էր նրա հայրը` Աթանազիո Կանատան (իտալ.՝ Atanasio Canata)` ուսանողների մեջ քերականության, գրականության և հայրենիքի հանդեպ սեր սերմանելով[4]։ Սովորել է Ջենովայի գեղարվեստի ակադեմիայում, որը թողել է 1859 թվականին՝ ծառայության անցնելով Պիներոլոյում գտնվող հեծելազորային գնդում։ 1860 թվականին մեկնել է Պարմա, որտեղ միացել է Գարիբալդիի կամավորներին, որոնց հետ մասնակցել է մարտերի մեծ մասին, որոնք, ի վերջո, հանգեցրել են Երկու Սիցիլիաների թագավորության` Իտալիայի հետ միավորվելուն։ Ստացել է սպայական կոչում։ Արշավների ընթացքում օրագիր էր պահել, որը հետագայում հիմք է դարձել նրա գրական ստեղծագործությունների համար։
Պատերազմից հետո նա վերադարձել է Կայրո Մոնտենոթե, որտեղ 1861 թվականի ապրիլին, մի խումբ համախոհների հետ միասին նա հիմնել է «Աշխատողների փոխօգնության ընկերություն» (իտալ.՝ Societa Operaia di Mutuo Netherorso)[5]: 1862 թվականին տեղափոխվել է Պիզա, որտեղ հաճախել է համալսարանական հայտնի դասախոսների դասախոսություններին և զբաղվել գրական գործունեությամբ։ 1866 թվականին Գարիբալդիի հետ մասնակցել է անկախության համար մղվող պատերազմին։
1868 թվականի նոյեմբերի 1-ից եղել է Կայրո Մոնտենոթե փոխքաղաքապետ, 1875 թվականի մայիսի 2-ից մինչև 1880 թվականի օգոստոսի 17-ը՝ նույն քաղաքի քաղաքապետ[5]։
1881 թվականին նշանակվել է Ֆաենցայի Տորիչելլի լիցեյի իտալերեն լեզվի ամբիոնի պրոֆեսոր, որտեղ աշխատել է 3 տարի։
1884 թվականին դարձել է Բրեշիայի Նիկոլո Տարտալյայի անվան Տեխնիկական ինստիտուտի պրոֆեսոր, որտեղ նա դասավանդել է 26 տարի՝ դառնալով ֆակուլտետի դեկան և քաղաքապետարանի անդամ[5]։
1910 թվականի հունիսի 5-ին նշանակվել է Իտալիայի Սենատի պատվավոր անդամ[5]։
Մահացել է Բրեշիայում, 1910 թվականի նոյեմբերի 6-ին։ Թաղված է Կայրո Մոնտենոթեում[4]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոր անունը Ջուզեպպե էր, մոր անունը` Ջիլիոզա Պերլա։ Ամուսնացած է եղել երկու անգամ։ Առաջին անգամ ամուսնանացել է 1871 թվականին, իր զարմուհու` Ռոզա Պերլայի (իտալ.՝ Maria Teresa Rosa Perla) հետ[6]։ Նրանք ունեցել են չորս երեխա՝ որդիներ Մարիոն և Պիետրոն և դուստրերը` Ջիլիոզան և Կատերինան։ Երկրորդ անգամ ամուսնացել է 1886 թվականին, Թերեզիտա Ռիցցատիի հետ։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1863 թվականին Աբբան գրել է «Չեզարե Նուլլոյի մահվան առթիվ» բանաստեղծությունը, այնուհետև՝ «Արրիգո. Կվարտոյից մինչև Վոլտերնո» բանաստեղծությունը, որը լույս է տեսել 1866 թվականին։
Նրան ազգային համբավ է բերել «Կվարտոյից Վոլտուրնո. Հազարից մեկի գրառումները» (իտալ.` Da Quarto al Volturno: noterelle d'uno dei Mille, 1880) ժամանակագրությունը, որը պատկերում է ժողովրդական հրամանատար Գարիբալդիի կերպարը՝ փոխանցելով հեղափոխական դաժան պայքարի հերոսությունը[7]։ Ստեղծագործությունը բարձր գնահատական է ստացել Ջոզուե Կարդուչչիի կողմից։
Նա նաև «Բորմիդայի ափերը 1794 թվականին» (իտալ. Le rive della Bormida nel 1794, 1875) պատմավեպի, «Ռոմանիա» և «Հին բանաստեղծություններ» բանաստեղծությունների ժողովածուների, «Տեսածը» պատմվածքների ժողովածուի և «Հազարների պատմությունը` երեխաների համար» (1904) և Գարիբալդիի գործեր» (1907) հանրակրթական գրքերի հեղինակն է։
Աբբայի հրապարակումները հավաքված են «Պատմության էջեր» գրքում (իտալ.` Pagine di storia, 1914):
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուրբ Մավրիկիոսի և Ղազարոսի շքանշան
- «Մարտական սխրանքի» արծաթե մեդալ
- «1000 di Marsala» հուշամեդալ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 4,0 4,1 www.cairomontenotte.com — Giuseppe Cesare Abba (իտալ.)
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 «Senato della Repubblica (իտալ.)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ www.cairomontenotte.com — Perla (իտալ.)
- ↑ «Краткая литературная энциклопедия», т.1, М., 1962
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուզեպպե Չեզարե Աբբա» հոդվածին։ |
|